Կիրակի օրը Ֆրանսիան նախագահ ընտրեց 39-ամյա Էմանուել Մակրոնին՝ նա Հինգերորդ Հանրապետության ամենաերիտասարդ նախագահն է: Մայիսի 7-ին նրա օգտին քվեարկեց 66,1 %-ը, Մարին լը Պենը ստացավ իր կուսակցության պատմության մեջ ամենաշատ ձայները՝ 33,9 %: Անվավեր կամ բոլորի դեմ քվեարկեց 11,5 %-ը (4 միլիոն), և դա ռեկորդ է: Ֆրանսուա Օլանդը շնորհավորեց Մակրոնի «մեծ հաղթանակը», որ կարող էր համարել և իրենը: Ելիսեյան պալատում հավաքված կառավարությունը ծափերով ընդունեց տեղեկությունը: Վարչապետ Բեռնար Կազնյովը գնահատեց ընտրողների «սթափ խելքը», որ կարողացան դիմակայել ուլտրաաջերի «կործանարար նախագծին»:
Բնապահպանության նախարար Սեգոլեն Ռուայալը հայտարարեց, որ եկել է միասին աշխատելու ժամանակը՝ «Պետք է ապահովել խորհրդարանական ու կառավարման մեծամասնություն»: Ֆրանսուա Բայրուն հայտարարեց, որ «Ֆրանսիան հույսի ճանապարհին է՝ ընտրելով աշխարհում ամենաերիտասարդ նախագահին»: Նախկին վարչապետ Մանուել Վալսը նրա հաղթանակը որակեց «Հանրապետության համախմբում չարության ու ատելության դեմ»: Սոցիալիստների քարտուղար Ժան-Քրիստոֆ Կամբադելիսը «Ազգային ճակատին» տրված 11 միլիոն ձայներն անվանեց «տխուր ռեկորդ» և «միասնության շտապ կոչ»: Ժան-Լյուկ Մելանշոնը հայտարարեց, որ Մակրոնի ծրագիրը «պատերազմ է սոցիալական նվաճումների դեմ»՝ «Մենք հայտնվեցինք V Հանրապետության պատմության ամենաթույլ նախագահության փուլում»` հայտարարեց նա: Կոմունիստական կուսակցության քարտուղար Պիեռ Լորենը Թվիթերում գրեց, որ թեթևացած շունչ քաշեց, իսկ Մակրոնի հաղթանակը համարեց ոչ հաստատուն: Չխախտելով ավանդույթը՝ Մարին լը Պենը ևս շնորհավորեց Էմանուել Մակրոնին՝ հայտարարելով, որ ֆրանսիացիներն ընտրեցին հայրենասերների ու գլոբալիստների միջև: «Ֆրանսիացիները ընտրեցին հանրապետության նոր նախագահ և նախապատվությունը տվեցին ժառանգականությանը: Ես զանգահարեցի պարոն Մակրոնին և շնորհավորեցի ընտրվելու կապակցությամբ, որովհետև իմ սրտում երկրի շահերն են: Ես նրան հաջողություններ մաղթեցի՝ Ֆրանսիայի պրոբլեմների դեմ հանդիման»՝ ասաց Մարին լը Պենը՝ հավելելով, որ «Ազգային ճակատը» դառնում է հիմնական ընդդիմադիր ուժ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. En marche՝ «Առաջ» կուսակցության նախագա՞հը հաղթեց, թե՞ «Ազգային ճակատը» պարտվեց: Ֆրանսիան դեմ քվեարկեց ազգայնականությանը, որ Էմանուել Մակրոնին դարձրեց նախագահ: Նա իսկապես հայտնվում է բազում խնդիրների դեմ հանդիման՝ Ֆրանսիայի ու Եվրամիության, ԵՄ-ԱՄՆ, ԵՄ-ՌԴ: Եվրոպան պետություն առ պետություն ազգայնականների առաջ փակում է իշխանության դուռը՝ Ավստրիա, Հոլանդիա, Ֆրանսիա: ԵՄ-ն ցույց է տալիս ներքին կայունությունը՝ փլուզվում են ԵՄ-ն ներսից տրոհելու ռուսական հույսերը: Սեպտեմբերին խորհրդարանական ընտրություններ են Գերմանիայում:
Կդիմանա՞ Անգելա Մերկելը: Վլադիմիր Պուտինը ժամանակ ունի մտածելու՝ հիմնովին փչացնե՞լ հարաբերությունները Գերմանիայի հետ, թե՞ թողնել իրադարձությունները իրենց ընթացքով զարգանան: Առավել ևս, որ մեկ տարուց իր ընտրության բումերանգը կարող է վերադառնալ: Ֆրանսահայերը հիմնականում ձայն են տվել Էմանուել Մակրոնին: Ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի միջև՝ ապրիլի 24-ին նա Կանադայի հրապարակում հարգանքի տուրք մատուցեց Կոմիտասի արձանի մոտ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին և ավանդական խոստումները տվեց՝ ցեղասպանության ժխտողականության քրեականացում, ԵԱՀԿ Մինսկի խմբում ակտիվ ջանքեր խնդրի կարգավորման համար: Բայց Ֆրանսուա Օլանդն էլ էր նույնն ասում...